Մասնակի կենսաթոշակ նշանակվում է`
Կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ:
Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Եթե դիմումին չի կցվում սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սոցիալական վճար կատարած լինելը ճշտում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալներով:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) նշանակել կենսաթոշակ.
2) նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին.
3) մերժել կենսաթոշակ նշանակելը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու դեպքում` նաև կենսաթոշակի տեսակը փոխելու նրա իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
Նշված ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:
Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթեր
- դիմումը
- անձը հաստատող փաստաթուղթը
անձը հաստատող փաստաթուղթ է.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը.
- Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը
- փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
- Օտարերկրյա քաղաքացին անձը հաստատող փաստաթղթի հետ ներկայացնում է նաև այն երկրի իրավասու պետական մարմնի տված անձնագիրը, որի քաղաքացին է, իսկ երկքաղաքացին` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը
3. հանրային ծառայությունների համարանիշը. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:
4.աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ)
5.սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների.
6.լուսանկար (4 x 6 սմ չափսի):
Անհրաժեշտության դեպքում, անձը ներկայացնում է նաև`
- ազգանվան, անվան կամ հայրանվան փոփոխության մասին քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմնի տված վկայականը կամ ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, կամ դատարանի վճիռը.
- երեխայի ծննդյան վկայականը կամ մահվան վկայականը.
- ուսումնական հաստատության դիպլոմը (ատեստատը) կամ վկայականը, առկա (ցերեկային) ուսման մասին տեղեկանքը, իսկ ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում՝ դրա առանձին փուլերն ավարտելու մասին տեղեկանքը.
- զինվորական գրքույկը կամ զինկոմիսարիատի տված տեղեկանքը.
- բռնադատվածի վկայականը և արդարացման մասին դատարանի վճիռը կամ հանցակազմի, հանցադեպի և ապացույցների բացակայության պատճառով քրեական գործը կարճելու մասին որոշումը.
- գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերերը՝ հողի սեփականաշնորհման վկայականը.
- մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառված լինելու մասին տեղեկանքը
Oտարերկրյա քաղաքացին, կենսաթոշակ նշանակելու համար, բացի վերը նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև, կենսաթոշակ չստանալու մասին այն երկրի տված փաստաթուղթը, որի քաղաքացին է.
Համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, համաձայնագրի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու մասին.
Հաշվարկ
Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:
Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Կ=Հ+ (Ս X Ա) X Գ,
10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝
Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ
որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,
Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Ա1-ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է`
1) մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,1.
2) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01.
3) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`
ա) մինչև 10 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,1 X Ս բանաձևով.
բ) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով.
գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:
1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աշխատանքային և այլ գործունեության` մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները, բացառությամբ կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու դեպքի:
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5 -ի N 665 – Ն որոշման
Ց Ա Ն Կ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Հավելված N 7 ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5 -ի N 665 – Ն որոշման
Ց Ա Ն Կ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՎ ԹԱՏԵՐԱՀԱՆԴԻՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք