Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:

Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:

Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

                                                   Կ=Հ+ (Ս X Ա) X Գ,

10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝

                                                  Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ

որտեղ`

                                                  Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

                                                  Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,

                                                  Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,

                                                  Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

                                                  Ա1-ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

                                                  Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է`

1) մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,1.

2) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01.

3) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`

ա) մինչև 10 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,1 X Ս բանաձևով.

բ) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,01 X (Ս-10)բանաձևով.

գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:

 

1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աշխատանքային և այլ գործունեության` մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները, բացառությամբ կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու դեպքի:

Ընդ որում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելիս երկարամյա ծառայության ստաժը հաշվարկվում է հետևյալ առանձնահատկություններով.

Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերի անդամներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս երկարամյա ծառայության ստաժում հաշվարկվում են`

  1. մխոցային օդանավերով կատարած յուրաքանչյուր 20 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ստաժ.
  2. ռեակտիվ օդանավերով, ուղղաթիռներով, հատուկ կիրառման ավիացիայում (սանիտարական թռիչքներ, ավիաքիմիական աշխատանքներ, ավիալուսանկարահանում,  պարեկություն, մթնոլորտի զոնդում և այլ տեսակի աշխատանքներ), այլ պետությունների օդանավերին ուղեկցող խմբերի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների պաշտոններում աշխատելու, ինչպես նաև ավիացիայի թռիչքային անձնակազմի կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակ կատարած յուրաքանչյուր 12 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ստաժ.
  3. վթարային-փրկարարական (որոնողական-փրկարարական) ստորաբաժանումներում օդանավերի թռիչքային անձնակազմում  մեկ տարվա աշխատանքը` որպես մեկուկես տարվա ստաժ.
  4. ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական և սպորտային ավիացիայի կազմակերպությունների թռչող անձնակազմի պաշտոններում կատարած մեկ տարվա ծառայությունը` որպես մեկուկես տարվա ստաժ, եթե կատարվել է ուսումնաթռիչքային պատրաստման պլանը, որպես երկու տարվա ստաժ, եթե կատարվել են թռիչքային բարդ կամ բարձրակարգ հնարքներ.
  5. պարաշյուտիստների և փրկարարների մեկ տարվա ծառայությունը` որպես  մեկուկես տարվա ստաժ, եթե կատարվել է մխոցային օդանավերից, ուղղաթիռներից, դիրիժաբլներից և աերոստատներից թռչելու, տասը մետրից ոչ պակաս բարձրության վրա կախման ռեժիմում գտնվող ուղղաթիռներից հատուկ իջեցնող հարմարանքներով վայրէջքի տարեկան նորման, որպես երկու տարվա ստաժ, եթե կատարվել է ռեակտիվ ինքնաթիռներից և ուղղաթիռներից թռչելու տարեկան նորման:

Բորտօպերատորների և բորտուղեկցորդների երկարամյա ծառայության ստաժը հաշվարկվում է փաստացի թռիչքային ժամերը վերը նշված 1-ին և 2-րդ կետերով սահմանված թռիչքի ժամերի (համապատասխանաբար` 20-ի և 12-ի) վրա բաժանելու միջոցով:

Վերը նշված 4-5-րդ կետերով սահմանված ծառայության ժամկետների արտոնյալ հաշվարկման իրավունք տվող պայմանները չկատարելու դեպքում մեկ տարվա ծառայությունը հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ:

Թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակաշրջանի մեջ հաշվառվում են նաև զինված ուժերի թռիչքային և թռիչքափորձարկման անձնակազմերի պաշտոններում աշխատելու ժամանակահատվածները:

Օդային երթևեկության կառավարման ծառայությունում աշխատելու ժամանակաշրջանի մեջ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվառվում են նաև թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները:

Ինժեներատեխնիկական ծառայությունում աշխատելու ժամանակաշրջանի մեջ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվառվում են նաև թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու և օդային երթևեկության կառավարման ծառայությունում աշխատելու ժամանակահատվածները:

Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատած կամ ծառայած մեկ օրացուցային տարին աշխատանքային ստաժում հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ: