Կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ:

Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Եթե դիմումին չի կցվում սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սոցիալական վճար կատարած լինելը ճշտում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալներով:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) նշանակել կենսաթոշակ.

2) նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին.

3) մերժել կենսաթոշակ նշանակելը:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու դեպքում` նաև կենսաթոշակի տեսակը փոխելու նրա իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:

Կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.

Նշված ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

Արտոնյալ պայմաններով  կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթեր

  1. դիմումը
  2. անձը հաստատող փաստաթուղթը

  անձը հաստատող փաստաթուղթ է.

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը
  • Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը
  • փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
  • Օտարերկրյա քաղաքացին անձը հաստատող փաստաթղթի հետ ներկայացնում է նաև այն երկրի իրավասու պետական մարմնի տված անձնագիրը, որի քաղաքացին է, իսկ երկքաղաքացին` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը:

3.հանրային ծառայությունների համարանիշը. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:
4.աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).
5.սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների.
6.լուսանկար (4 x 6 սմ չափսի):

 

Անհրաժեշտության դեպքում, անձը ներկայացնում է նաև`

  1. ազգանվան, անվան կամ հայրանվան փոփոխության մասին քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմնի տված վկայականը կամ ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, կամ դատարանի վճիռը.
  2. երեխայի ծննդյան վկայականը կամ մահվան վկայականը.
  3. ուսումնական հաստատության դիպլոմը (ատեստատը) կամ վկայականը, առկա (ցերեկային) ուսման մասին տեղեկանքը, իսկ ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում՝ դրա առանձին փուլերն ավարտելու մասին տեղեկանքը.
  4. զինվորական գրքույկը կամ զինկոմիսարիատի տված տեղեկանքը.
  5. բռնադատվածի վկայականը և արդարացման մասին դատարանի վճիռը կամ հանցակազմի, հանցադեպի և ապացույցների բացակայության պատճառով քրեական գործը կարճելու մասին որոշումը .
  6. գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերերը՝ հողի սեփականաշնորհման վկայականը.
  7. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար, բացի վերը նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների NN 1, 2, 3 կամ 4 ցուցակում նշված մասնագիտությամբ կամ պաշտոնում աշխատելու մասին գործատուի տված տեղեկանքը, եթե աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար տվյալներ (գործատուի տված տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում): Տեղեկանքի ձևը սահմանում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:
  8. Հիպոֆիզարային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին կենսաթոշակ նշանակելու համար, բացի վերը նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է իրեն հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:

Oտարերկրյա քաղաքացին, կենսաթոշակ նշանակելու համար, բացի վերը նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև, կենսաթոշակ չստանալու մասին այն երկրի տված փաստաթուղթը, որի քաղաքացին է.

Համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, համաձայնագրի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու մասին.