Կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ:
Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Եթե դիմումին չի կցվում սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սոցիալական վճար կատարած լինելը ճշտում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալներով:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) նշանակել կենսաթոշակ.
2) նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին.
3) մերժել կենսաթոշակ նշանակելը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու դեպքում` նաև կենսաթոշակի տեսակը փոխելու նրա իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
Նշված ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:
Տարիքային կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթեր
- Դիմումը,
- անձը հաստատող փաստաթուղթը,
- հանրային ծառայությունների համարանիշը. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.
- աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).
- սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների.
- լուսանկար (4 x 6 սմ չափսի):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Անձը հաստատող փաստաթուղթ է.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը.
- Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը
- Փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
- Օտարերկրյա քաղաքացին անձը հաստատող փաստաթղթի հետ ներկայացնում է նաև այն երկրի իրավասու պետական մարմնի տված անձնագիրը, որի քաղաքացին է, իսկ երկքաղաքացին` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը:
Անհրաժեշտության դեպքում, անձը ներկայացնում է նաև`
- ազգանվան, անվան կամ հայրանվան փոփոխության մասին քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմնի տված վկայականը կամ ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, կամ դատարանի վճիռը.
- երեխայի ծննդյան վկայականը կամ մահվան վկայականը.
- ուսումնական հաստատության դիպլոմը (ատեստատը) կամ վկայականը, առկա (ցերեկային) ուսման մասին տեղեկանքը, իսկ ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում՝ դրա առանձին փուլերն ավարտելու մասին տեղեկանքը.
- զինվորական գրքույկը կամ զինկոմիսարիատի տված տեղեկանքը.
- բռնադատվածի վկայականը և արդարացման մասին դատարանի վճիռը կամ հանցակազմի, հանցադեպի և ապացույցների բացակայության պատճառով քրեական գործը կարճելու մասին որոշումը .
- գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերերը՝ հողի սեփականաշնորհման վկայականը.
Oտարերկրյա քաղաքացին, կենսաթոշակ նշանակելու համար, բացի վերը նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև, կենսաթոշակ չստանալու մասին այն երկրի տված փաստաթուղթը, որի քաղաքացին է.
Համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, համաձայնագրի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու մասին.
Եթե «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ է նշել չաշխատելու հանգամանքը, ապա անձը տալիս է գրավոր հայտարարություն իր չաշխատելու մասին, իսկ աշխատանքի անցնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձի չաշխատելու փաստը ճշտում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցով: