Հարգելի ընթերցողներ,
Հայաստանի Հանրապետությունում ընթացող կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում փոփոխություններ են նախատեսված նաև հարկային համակարգում:
Ներդրվում է միասնական եկամտային հարկ, որը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում կատարվող փոփոխություն է և միտված է գործատուների կողմից հաշվետվությունների ներկայացման գործընթացը հնարավորինս պարզեցնելուն. այն որևէ կերպ չի ազդելու վարձու աշխատողի փաստացի տնօրինվող եկամտի վրա, իսկ գործատուն այս բարեփոխման արդյունքում միայն շահելու է` հաշվի առնելով հաշվետվությունների քանակի կրճատումն ու ժամանակի խնայողությունը:
Այդ փոփոխություններն ունեն երկու հիմնական ուղղություն, որոնք սերտորեն փոխկապակցված են.
- առաջինը վերաբերում է միասնական եկամտային հարկի ներդրմանը` գործող պարտադիր սոցիալական ապահովության վճարի և եկամտահարկի փոխարեն,
- իսկ երկրորդն առնչվում է գրանցման հայտի և անձնավորված հաշվարկի ներկայացման կարգին:
2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել 2010թ. ընդունված «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը, որով և կարգավորվում են նշված փոփոխությունները: Մասնավորապես` գործատուներն այսուհետ հարկային մարմին կներկայացնեն մեկ հաշվետվություն նախկին երկուսի փոխարեն, ըստ որում` անձնավորված հաշվարկը ներկայացնելու կարգը ևս փոփոխության է ենթարկվում. գործատուն այն պարտավոր է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:
Քննենք միասնական եկամտային հարկի ներդրման նպատակները` փորձելով միաժամանակ պարզաբանումներ տալ քաղաքացիներին ամենից շատ հետաքրքրող խնդիրների վերաբերյալ:
Աշխատավարձերի հարկման փոփոխության էությունն այն է, որ ներկայումս գործող պարտադիր սոցիալական ապահովության վճարի և եկամտահարկի փոխարեն 2013 թվականից գործելու է մեկ միասնական եկամտայինհարկ, որը հաշվարկելու և պետական բյուջե փոխանցելու մասին մեկ հաշվետվությունը գործատուն հարկային մարմին է ներկայացնելու բացառապես էլեկտրոնային եղանակով: Հարկային համակարգում կատարվող այս փոփոխության նպատակն է օպտիմալացնել գործատուների կողմից հաշվետվություններ ներկայացնելու գործընթացը:
Լուծվում են հետևյալ խնդիրները.
ա) նախկին երկու հաշվետվության փոխարեն` մեկ անձնավորված հաշվարկ, որտեղ պետք է արտացոլվեն ֆիզիկական անձանց վճարված եկամուտն ու դրանից հաշվարկված եկամտային հարկի չափը,
բ) անձնավորված հաշվարկը գործատուն հարկային մարմին է ներկայացնում բացառապես էլեկտրոնային եղանակով, ինչը էապես կկրճատի հաշվետվությունների քանակը, դրանք ներկայացնելու հետ կապված գործընթացները և, իհարկե, կխնայի ժամանակը:
Գործատուներն այսուհետ կունենան էլեկտրոնային ստորագրություններ, որոնց միջոցով կստորագրեն էլեկտրոնային եղանակով ներկայացվող անձնավորված հաշվարկները և իրենց հարմար վայրից, իրենց հարմար ժամանակ (իհարկե, առանց խախտելու սահմանված ժամկետը) կներկայացնեն դրանք հարկային մարմին:
Միասնական եկամտային հարկի ներդրումը հիմնված է երեք առանցքային սկզբունքների վրա`
1) քաղաքացու եկամուտները չեն նվազում,
2) պետական բյուջե մուտք արվող միջոցները չեն նվազում,
3) գործատուների համար լրացուցիչ բեռ չի առաջանում:
Սա նշանակում է, որ եկամտային հարկի ներդրումը որևէ բացասական ազդեցություն չի ունենալու վարձու աշխատողի վրա: Դա ապահովելու համար մշակված է հետևյալ սխեման: Գործող համակարգում աշխատողը ստանում է որևէ X անվանական աշխատավարձ, որից նա պետական բյուջե է վճարում պարտադիր սոցիալական ապահովության վճար (3%) և եկամտահարկ (վերջինների դրույքաչափերի մասին կխոսվի ստորև), ինչի արդյունքում նրա զուտ աշխատավարձը որոշ չափով փոքր է լինում անվանականից: Իր հերթին, գործատուն իր միջոցներից տվյալ աշխատողի համար պետական բյուջե է վճարում պարտադիր սոցիալական ապահովության վճար: Նոր կարգի համաձայն` գործատուի կողմից վճարվող այս վերջին սոցվճարը կգումարվի աշխատողի X անվանական աշխատավարձին, և եկամտային հարկը կհաշվարկվի հենց այս գումարից. աշխատողի համախառն եկամտի այս տարբերակով ավելացումը թույլ կտա, որ նրա փաստացի տնօրինվող եկամուտը չնվազի, մնա նույնը` նախորդ ամիսների համեմատ: Այսինքն` խոսվում է ընդամենը գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցվճարը աշխատողի անվանական աշխատավարձին միացնելու մասին, և հարկումից հետո աշխատողը որևէ տարբերություն չպետք է զգա 2012 և 2013 թվականների ընթացքում ստացած փաստացի տնօրինվող եկամուտների միջև: Գործատուների կողմից անբարեխղճություն ցուցաբերելու և նշված ավելացումը չկատարելու դեպքում խնդիրը կարգավորվում է օրենքով. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` նշված կարգը խախտող գործատուները կրում են լրացուցիչ պարտավորություն:
Եթե գործատուի կողմից վճարվող սոցվճարը աշխատողի համախառն եկամտին ավելացնելուց հետո նրա զուտ եկամուտը այնուամենայնիվ պակաս կլինի նախկինում ստացածից, ապա գործատուն պարտավորվում է իր միջոցներից լրացնել այս պակասը, որը, համաձայն մասնագետների հաշվարկների, տարբեր աշխատավարձերի դեպքում կարող է կազմել 750-ից մինչև 2700 դրամ յուրաքանչյուր աշխատողի համար: Այս իմաստով, եթե խոսենք գործատուների հարկային բեռի ավելացման հավանականության մասին, սա կարող է դիտարկվել որպես այդպիսին միայն առաջին հայացքից, սակայն ցանկանում ենք վստահություն հայտնել, որ հաշվետվությունները ներկայացնելու այս պարզեցված մեխանիզմը արդեն իսկ առավելություններ է պարունակում իր մեջ, և ենթադրվում է, որ դժգոհությամբ չի ընդունվի գործատուների կողմից:
Վարձու աշխատողների աշխատավարձերի հարկման գործող և նոր դրույքաչափերը ներկայացնենք համեմատական աղյուսակների միջոցով: Գործող կարգի համաձայն` վարձու աշխատողը իր աշխատավարձից պետական բյուջե է կատարում հետևյալ վճարները`
Եկամտահարկ | |
Մինչև 80 000 դրամ եկամտի դեպքում | Հարկվող եկամտի 10%-ը |
80 000 դրամից ավելի եկամտի դեպքում | 8000 դրամին գումարած80 000 դրամը գերազանցող գումարի 20%-ը |
Սոցիալական ապահովության վճար |
Աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով |
Գործատուն իր հերթին յուրաքանչյուր վարձու աշխատողի համար կատարում է սոցիալական ապահովության վճար` հետևյալ դրույքաչափերով`
Սոցիալական վճարի չափը | ||
Գործատուի կողմից կատարվող սոցիալական ապահովության վճար | Մինչև 20 000 դրամ եկամտի դեպքում | 7 000 դրամ |
20 000-100 000 դրամ եկամտի դեպքում | 7 000 դրամ + 20 000 դրամը գերազանցող գումարի 15%-ը | |
100 000 դրամից ավելի եկամտի դեպքում | 19 000 դրամ + 100 000 դրամը գերազանցող գումարի 5%-ը |
2013 թվականի հունվարի 1-ից` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, վարձու աշխատողի աշխատավարձից պետական բյուջե կվճարվի միասնական եկամտային հարկ` հետևյալ դրույքաչափերով`
Եկամտային հարկ | |
Մինչև 120 000 դրամ եկամտի դեպքում | Հարկվող եկամտի 24.4%-ը |
120 000 – 2 000 000 դրամ եկամտի դեպքում | 29 280 դրամին գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26%-ը |
2 000 000 դրամից ավելի եկամտի դեպքում | 518 080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%-ը |
Եկամտային հարկի վերաբերյալ առաջին հաշվետվությունները գործատուները հարկային մարմին պետք է ներկայացնեն մինչև 2013թ. փետրվարի 20-ը: Էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համար, ինչպես նշվել է վերը, գործատուները պարտավոր են ունենալ էլեկտրոնային ստորագրություններ: Դրանք ստանալու համար նրանք պետք է դիմեն համապատասխան մարմին մինչև 2013 թվականը: Այս միջանկյալ գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու համար պետությունը մշակել է խթան. 2012թ. սեպտեմբերի 13-ին կայացած ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել, համաձայն որի` այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը կստանան էլեկտրոնային ստորագրություններ և նույնականացման քարտեր, 2013-ին նրանց էլեկտրոնային ստորագրության սպասարկման վարձավճարը (տարեկան 3000 դրամ) կֆինանսավորվի պետական բյուջեի հաշվին:
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ միասնական եկամտային հարկի ներդրումը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում կատարվող փոփոխություն է և միտված է գործատուների կողմից հաշվետվությունների ներկայացման գործընթացը հնարավորինս պարզեցնելուն. այն որևէ կերպ չի ազդելու վարձու աշխատողի փաստացի տնօրինվող եկամտի վրա, իսկ գործատուն այս բարեփոխման արդյունքում միայն շահելու է` հաշվի առնելով հաշվետվությունների քանակի կրճատումն ու ժամանակի խնայողությունը: