Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել առցանց առանց տարածքային բաժին այցելելու

Երևան, 2017թ. Փետրվարի 17: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը դիմում է բոլոր քաղաքացիներին առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում միանվագ նպաստի համար դիմել առցանց, առանց սոցիալական ապահովության տարածքային բաժին այցելելու։

Դիմումը լրացնելուց առաջ պետք է գրանցվել www.epension.am կայքում, որից հետո լրացնել առցանց դիմումը, որը տևում է մոտ 5 րոպե:

Ընդ որում դիմումը կարող է լրացվել նաև 3-րդ անձի կողմից, միևնույն է նպաստի գումարը  կստանա երեխայի հայրը կամ մայրը:

Հատկանշական է նաև այն, որը նպաստը ստանալու համար պարտադիր չէ բանկային հաշիվ ունենալը. այն կարող եք ստանալ բանկ այցելելու միջոցով:

2016թ.-ին մոտ 32.000 նպաստ է նշանակվել ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար:

Սոցիալական ապահովության պետական ծառայութունն այժմ աշխատանքներ է տանում 3-րդ և հաջորդ երեխայի նպաստի համար ևս առցանց դիմելու և ստանալու հնարավորություն  ստեղծելու ուղղությամբ։

Նշենք, որ համակարգը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության շրջանակներում:

2017թ.-ի փետրվարի 10-ի դրությամբ արդեն իսկ ստացվել են երեխայի ծննդյան միանվագ նպաստի 484 առցանց դիմումներ, որոնցից 303-ի մասով նպաստն արդեն վճարվել է:

ԿԻՍՎԵԼ