Համաժողով, որը հնարավորություն ընձեռեց մեկ անգամ ևս մանրամասնելու կենսաթոշակային բարեփոխումները, ներկայացվեցին բոլոր հեռանկարները և դրսևորվեցին հնարավոր մարտահրավերները՝ բողոքի կարճատև ակցիայի ձևով։
2014 թվականի փետրվարի 21-ին «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախաձեռնությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման» և «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրերի աջակցությամբ, գումարեց ամենամյա կենսաթոշակային երրորդ համաժողովը, որը կրում էր «Նոր կենսաթոշակային համակարգ՝ հնարավորություններ, մարտահրավերներ և ակնկալիքներ» խորագիրը։ Համաժողովին մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար դոկտոր Քերըն Հիլլարդը և Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի անդամները։ Համաժողովի մասնակիցների թվում էին նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, առևտրային բանկերի և ֆինանսական հաստատությունների, ապահովագրական, վարկային և ներդրումային ընկերությունների ղեկավարներ, ակտուարներ, ինչպես նաև ոլորտին առնչվող խորհրդատվական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց նոր համակարգի ներդրման հիմնավորումները, դրա անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը՝ ելնելով վերջին տասնամյակների հասարակական ու տնտեսական զարգացումներից, և դրանց ցավոտ դրսևորումները այն սերնդի համար, որը ստիպված է իր վրա կրել առաջին ծանրությունը՝ փոխելով վարքագիծ, մտածողություն։
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը խոսեց կուտակային կենսաթոշակային համակարգերի ներդրման մարտահրավերների ու հեռանկարների մասին և նշեց, որ ԱՄՆ Կառավարությունը շարունակական աջակցություն է ցուցաբերում այդ ուղղությամբ կատարվող ջանքերին։ Նա կարևորեց հանրային իրազեկման նախաձեռնությունների և Հայաստանի Կառավարության կողմից Հայաստանի քաղաքացիներին բարեփոխման մանրամասները հանգամանորեն ներկայացնելու անհրաժեշտությունը։
Սեփական քաղաքականությունը բացահայտող շնորհանդեսներով հանդես եկան նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված՝ «Ամունդի» և «Ց կվադրատ» ակտիվների կառավարիչների հայաստանյան գրասենյակների գործադիր տնօրենները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վերահսկողության մեխանիզմները ներկայացրեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։
Օրակարգի համաձայն համաժողովի 2-րդ օրը ևս աչքի ընկավ իր արդյունավետությամբ. միջազգային հյուրերը հնարավորություն ունեցան այցելելու Մաշտոցի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն, որտեղ Ծառայության պետի ուղեկցությամբ ծանոթացան սոցիալական ծառայությունների մատուցման նոր որակին և բարելավված շենքային պայմաններին: Ծառայության պետը կազմակերպված կլոր սեղան քննարկման շուրջ հյուրերին ներկայացրեց Հայաստանում ներդրված բազմաստիճան կենսաթոշակային համակարգի 0 և 1 բաղադրիչները:
Համաժողովի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում համաժողովի բոլոր մասնակիցներին արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև բանախոսներին՝ հանգամանալից բացատրության և հետևողական ելույթների համար։
ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն