Armenian

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2018 թվականի մայիսի 3-ի նիստի N 29.6/[447477]-18 (17) հանձնարարականով սահմանված ժամանակահատվածում կատարված աշխատանքների և իրականացված ծրագրերի վերաբերյալ

 

 1. 2017 թվականի ընթացքում ՍԱՊԾ կողմից մատուցված ծառայությունների և իրականացված միջոցառումների մասին համառոտ տեղեկատվություն

 

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով մատուցում է ծառայություններ սոցիալական ապահովության բնագավառում: Ծառայությունը օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է սոցիալական ապահովության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացված միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործման, ինչպես նաև կենսաթոշակների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, պատվովճարի, պարգևավճարի և ծառայության միջոցով  վճարվող սոցիալական  ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների նշանակման և վճարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման  ապահովումը:

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ծառայությունում հաշվառված է կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող 455 644 անձ, որից ստանում են տարիքային կենսաթոշակ՝ 312 823, հաշմանդամության կենսաթոշակ՝ 116 797, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ՝ 9 231, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ՝ 2 265, երկարամյա ծառայության կենսաթոշակ՝ 609, մասնակի կենսաթոշակ՝ 13 919 անձինք:

Ծերության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը 4 609 է, հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք ունեցողներինը՝ 46 729, իսկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցողներինը՝ 11 685 (ընդամենը՝ 63 023):

Երեխայի ծննդյան կամ խնամելու կապակցության նպաստ է նշանակվել 76 693 անձի, որից.՝

Խնամքի նպաստ՝ 11 821 անձ, չաշխատող անձին տրվող մայրության նպաստ՝ 26 335 անձի, իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝  38 537 անձի:

2017թ հունվարի 1-ի դրությամբ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը կազմել է 466 170 անձ, նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 66 000, միջին կենսաթոշակի չափը կազմել է 40,3 հազար դրամ, միջին աշխատանքային ստաժը ՝ 31,7 տարի:

2017թ-ի նոր նշանակված գործերով միջին ստաժը կազմել է 25.6 տարի կամ ընդհանուր միջին ստաժից պակաս է 6 տարով:

Նախընթաց ժամանակահատվածում Ծառայության տարածքային ստորաբաժանումներ ներկայացվել են շուրջ 282 000 դիմում, որից կենսաթոշակների և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման վերաբերյալ՝ շուրջ 205 000 դիմում,  երեխայի ծննդյան միանվագ նպաստի վերաբերյալ՝ շուրջ 41 000, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ՝ շուրջ 10 000, մայրության նպաստի  վերաբերյալ՝ շուրջ 26 000 դիմումներ։

2017 թվականի ընթացքում «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական  համակարգի և պետական մարմինների այլ տեղեկատվական համակարգերի համադրման արդյունքում Ծառայության ամփոփ վերլուծությունների և մոնիթորինգի վարչությունը հայտնաբերել է մոտ 80 մլն դրամի ոչ իրավաչափ վճարում, որից պետական բյուջե վերականգնվել է մոտ 16 մլն դրամ:

Ծառայության կողմից ներկայացվել է շուրջ 96 դատական հայց (հայցագինը՝ շուրջ 108 մլն. դրամ), որոնցից բավարարվել է 20-ը (շուրջ 18,0 մլն. դրամ հայցագնով), 76-ը գտնվում է դատարանի վարույթում:

11 դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ  դատախազություն:

2017թվականի ընթացքում Ծառայության կողմից աշխատանքային ստաժերի հավաստիությունը ճշտելու նպատակով 22 գործատուի մոտ իրականացվել է ստուգում, որի արդյունքում թվով 563 կենսաթոշակառուների գործերում կատարվել է 4412 տարվա  ստաժի նվազեցում:

Միաժամանակ, 1000 թոշակառուի մասով 4000 տարվա ստաժ է նվազեցվել գույքագրման և վարչարարության խստացման արդյունքում:

 

2. 2018 թվականի ընթացքում ՍԱՊԾ կողմից մատուցված ծառայությունների և իրականացված միջոցառումների մասին համառոտ տեղեկատվություն

 

2018 թվականի մայիսի 1-ի դրությամբ Ծառայությունում հաշվառված է կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող 520 865 անձ, որից ստանում են տարիքային կենսաթոշակ՝ 315 970, աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակ՝ 114 396, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ՝ 9 063, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ՝ 2 111, երկարամյա ծառայության կենսաթոշակ՝ 544, մասնակի կենսաթոշակ՝ 13 655 անձինք:

Ծերության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը 4 899 է, հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք ունեցողներինը՝ 45 938, իսկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցողներինը՝ 11 741 (ընդամենը՝ 62 578):  

2018 թվականի ընթացքում երեխայի ծննդյան կամ խնամելու կապակցության նպաստ է նշանակվել 28 851 անձի, որից.՝

Խնամքի նպաստ՝ 12 181 անձ, չաշխատող անձին տրվող մայրության նպաստ՝
5 964 անձի, իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝  10 706 անձի:

2018թ մայիսի 1-ի դրությամբ միջին կենսաթոշակի չափը կազմել է 40,6 հազար դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական  համակարգի և պետական մարմինների այլ տեղեկատվական համակարգերի համադրման արդյունքում Ծառայության ամփոփ վերլուծությունների և մոնիթորինգի վարչությունը հայտնաբերել է մոտ 166.6 մլն դրամի ոչ իրավաչափ վճարում, որից պետական բյուջե վերականգնվել է մոտ 24.4 մլն դրամ:

2018թ. ընթացքում Ծառայության կողմից ներկայացվել է շուրջ 51 դատական հայց:

Հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից աշխատանքային ստաժերի հավաստիությունը ճշտելու նպատակով 33 գործատուի մոտ իրականացվել է ստուգում, որի արդյունքում թվով 846 կենսաթոշակառուների գործերում կատարվել է շուրջ 6280 տարվա  ստաժի նվազեցում:

 

3.  ՀՀ կառավարության գործունեության ծրագրից բխող միջոցառումների (գերակա խնդիրների) կատարումն ապահովելու  համար Ծառայության կողմից իրականացվող ծրագրեր


Ծառայությունը  ներկայումս իրականացնում է լայնածավալ աշխատանքներ 2017-2022 թվականների ՀՀ կառավարության գործունեության ծրագրից բխող միջոցառումների (գերակա խնդիրների) կատարումն ապահովելու՝ այն է շահառուներին մատուցվող ծառայությունների որակը, հասցեականությունն ու մատչելիությունը, թափանցիկությունը, ինչպես նաև Ծառայության կողմից իրականացվող ռիսկային գործառույթների կառավարումը (վերահսկողությունը) ապահովելու ուղղությամբ:

Միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով՝ ստեղծվել են անհրաժեշտ իրավական հիմքեր, այդ թվում՝ կատարվել են համապատասխան փոփոխություններ ոլորտը կարգավորող իրավական ակտերում, և 2017-2018 թվականների համար նախատեսված ծրագրերի շրջանակներում՝

1) Գործարկվել է առցանց եղանակով 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու ենթահամակարգը, (նախկինում Ծառայության կողմից առցանց եղանակով մատուցվում է 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման ծառայությունը),

2) գործարկվել է առցանց եղանակով խնամքի նպաստ նշանակելը, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելը և խնամքի նպաստ վճարելը վերսկսելը ապահովող ենթահամակարգը,

3)  գործարկվել է առցանց եղանակով թաղման նպաստ նշանակելն ապահովող  ենթահամակարգը,

4)  գործարկվել է Ծառայության և Ազգային արխիվի միջև տեղեկատվության փոխանակությունն ապահովող տեղեկատվական ենթահամակարգը, որի շրջանակներում կատարվել է ավելի քան 15 000 հարցում:

5) շարունակվում են գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները (պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան է ներառվել ավելի քան 100 000 աշխատանքային գրքույկ):

2017 թվականի հուլիսի 1-ից դատախազի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակը, միանվագ դրամական օգնությունը, հուղարկավորության նպաստը, թաղման նպաստը նշանակվում է Ծառայության կողմից:

2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ և պարգևավճար նշանակելու (վերահաշվարկելու) և վճարումն ապահովելու գործառույթն իրականացվում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով:

Արցախի Հանրապետությունում ևս ներդրվել է «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը, որի միջոցով 2018 թվականի հունվարի 1-ից սկսած ձևավորվում են վճարման ցուցակները:

Առաջիկայում գործարկվելու են նաև Ծառայության գործառույթների իրականացումն ապահովող այլ ենթահամակարգեր, ինչպես նաև ընդլայնվելու է մատուցվող, այդ թվում՝  առցանց եղանակով մատուցվող ծառայությունների շրջանակը:

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)