Armenian

17.03.2018

hhpress.am - Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հետևողական քայլեր է իրականացնում կեղծ ստաժով կենսաթոշակ ստանալու դեպքերը բացառելու համար։ Ինչպես «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում նշել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, վերջին 6 ամսվա ընթացքում 26 գործատուների մոտ իրականացվել են ուսումնասիրություններ։

«Արդյունքում կենսաթոշակի 690 գործերով նվազեցվել է ոչ հավաստի տվյալներ պարունակող փաստաթղթերի հիման վրա հաշվարկված ընդհանուր թվով 5 138 տարվա աշխատանքային ստաժ։ Դրա ընդհանուր գումարը կազմել է շուրջ 54 մլն դրամ, որից վերականգնվել է 7 մլն 124 հազար դրամը, մնացած գումարի մասով հետ գանձելու գործընթացը շարունակվում է։ Խոսքը վերաբերում է չհիմնավորված փաստաթղթերով գրված ստաժին, որով կենսաթոշակ է նշանակվել»,–ասել է Հովհաննես Սահակյանը։
Նա ընդգծել է, որ այս խնդիրը ծառայության համար առաջնահերթություն է, իրենք պետք է հասնեն նրան, որ իրապես աշխատած քաղաքացիները ստանան իրենց կենսաթոշակները, իսկ այն քաղաքացիները, ովքեր կեղծիք են կատարել, ավելի գումար չստանան։
«Կոչ եմ անում այն քաղաքացիներին, ովքեր դիմել են նման քայլի, գան ներկայանան տարածքային բաժիններ՝ օր առաջ այդ խնդիրը լուծելու համար։ Նրանց, ովքեր օգտվելով 90—ականների իրավիճակից, այն ժամանակվանից իրենց մոտ պահում են կնիքներ ու կեղծ ստաժ են գրում, կոչ ենք անում ներկայանալ, հանձնել կնիքները և զերծ մնալ կեղծ գործարքներից»,—ասել է Հովհաննես Սահակյանը։
Հայաստանում մարտի 1—ի դրությամբ հաշվառված է 446 հազար 249 կենսաթոշակառու, 62 հազար 915 նպաստառու։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է, որ առաջիկա 7 տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվն աճելու միտում ունի։
«Ժողովրդագրական տվյալները մեզ հուշում են, որ առաջիկա 7 տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվը կաճի տարեկան միջինը 2 հազար 500 անձով։ Այս տարի կենսաթոշակի իրավունք են ստանում 1955 թվականի ծնված մեր քաղաքացիները, որոնց թիվը 44 հազար 907 է։ 1961 թվականի ծնվածների ցուցանիշը դիտարկելով՝ տեսնում ենք, որ այդ թիվն աստիճանաբար աճելով հասնում է 57 հազար 369—ի»,—ասել է Հովհաննես Սահակյանը։
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետը վստահեցրել է, որ ազատվելու են անբարեխիղճ աշխատողներից. «Բոլոր խնդիրներն իմ ուշադրության կենտրոնում են։ Մենք տարածքային բաժինների հետ հանդիպումներ ենք ունենում, ներկայացնում ենք մեր մոտեցումները։ Բարեխիղճ աշխատակիցների համար մենք սահմանելու ենք խրախուսման միջոցներ։ Իսկ ոչ բարեխիղճներից ազատվելու ենք։ Չեմ վարանում, հաստատակամ ասում եմ, գնալու եմ առաջ։ Եթե վեց ամսվա ընթացքում 4—5 անգամ մարդկանց բացատրում ենք, որ մեր սկզբունքները սրանք են՝ լինել ազնիվ, գայթակղությունների չգնալ, մատուցել որակյալ ծառայություն, և նրանք հետևություն չեն անում, ապա համապատասխան քայլեր կձեռնարկենք նրանց նկատմամբ»։

17-03-2018

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)