Երկուշաբթի, Օգոստոս 3, 2020

Նպաստներ (ՀՏՀ)

Հարց 1
Եթե  նպաստառուի նպաստի վճարումը դադարեցվել է լիազորագրի սահմանված ժամկետը լրանալու պատճառով,ապա ի՞նչ կարգով է վերսկսվում նպաստառուի նպաստի վճարումը:

Պատասխան 1
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել:
Նույն օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, եթե նպաստառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, իսկ նպաստը նրա օրինական ներկայացուցչին վճարվելու դեպքում` նաև եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:
ՀՀ կառավարության 2014թ. հունիսի 26-ի թիվ 635-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված «Նպաստը նշանակելը, նպաստ նշանակել վճարելը դադարեցնելը և վերսկսելը» կանոների 33-րդ և 34-րդ  կետերի համաձայն` նպաստ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Նպաստ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված նպաստի գումարը լիազորագրով չի վճարվում՝ բացառությամբ նպաստառուի՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքերի:
Եթե նպաստ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ վճարելը վերսկսելու (նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել` հաշվի առնելով դիմելու ամսվան նախորդող ժամանակահատվածում նպաստի չափի վերահաշվարկման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների փոփոխությունները:

Հարց 2
Ինչպե՞ս է կարգավորվում նպաստառուի նպաստի իրավունքի վերականգնումը:

Պատասխան 2
«Պետական նպաստների մասին»  ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետի համաձայն` ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝ նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ նպաստ չվճարելու դեպքում:Նույն Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ ենթակետի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
«Պետական նպաստների մասին»  ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել:
Նույն օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, եթե նպաստառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, իսկ նպաստը նրա օրինական ներկայացուցչին վճարվելու դեպքում` նաև եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Հարց 3
Ինչպե՞ս է կարգավորվում կերակրողին կորցնելու դեպքում նշանակված նպաստ ստանալու իրավունքը , եթե  լրացել է  նպաստառուի 18 տարին:

Պատասխան 3
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ կետի համաձայն`  կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչև 23 տարին լրանալը:Նույն օրենքի  33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից,իսկ  4-րդ մասի  2-րդ կետի համաձայն` նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝ 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Հարց 4
Կարո՞ղ է արդյոք շահառուն վճարման եղանակի և վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում ներկայացնել Ծառայության ոչ իր հաշվառման վայրի տարածքային բաժին:

Պատասխան 4
ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբերի 20-ի թիվ 1082 որոշման համաձայն` աշխատանքային կենսաթոշակ, ինչպես նաև ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած շարքային կազմի զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց հաշմանդամության զինվորական կենսաթոշակ, այդ անձանց մահվան դեպքում նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:Համաձայն 09.01.2017թ.  թիվ ԱԹ/(305172)-17 շրջաբերականի`  սկսած 2017թ. հունվարի 1-ից դիմումները (կենսաթոշակի և նպաստի նշանակում, ստանալու իրավունքի վերականգնում, վճարման վերսկսում, վերահաշվարկ և այլն) ներկայացվում են ցանկացած տարածքային բաժին` անկախ այն հանգամանքից, թե որ տարածքային բաժնի սպասարկման վայրում է հաշվառված շահառուն կամ որտեղ է գտնվում կենսաթոշակի կամ նպաստի գործը:

Հարց 5

Ինչ նպատակներով կարող է  տնօրինվել ընտանեկան դրամագլուխը  մինչև հաշվետիրոջ  18 տարին լրանալը:

Պատասխան 5

ՀՀ կառավարության  2014 թվականի մարտի 6-ի թիվ  275-Ն որոշման հավելվածի 2-ի 4-րդ կետի համաձայն` Ընտանեկան դրամագլուխը, մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` բացառապես`

1) Հայաստանի Հանրապետությունում բնակարանի, բնակելի տան գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է (բացառությամբ խնամակալի).

2) հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.

3) հաշվետիրոջ ծնողին (բացառությամբ խնամակալի) տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ, Լոռու մարզի Եղեգնուտ, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Իծաքար բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի (այսուհետ՝ գույք) գնման համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է` բացառությամբ խնամակալի (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով).

5) ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական կամ միանվագ վճարումներ կատարելով` ամսական 50000 դրամից ոչ ավելի:

Նույնի կարգի 8-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությամբ, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլուխը կարող է ծախսվել հաշվետիրոջը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամին, հաշվետիրոջ ծնողին Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված համավճարը վճարելու համար, եթե դիմելու օրվա դրությամբ հաշվետերն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի կազմում և հաշվետերը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամը, հաշվետիրոջ ծնողը չունեն այդ բժշկական օգնությունը պետական պատվերի կամ բժշկական ապահովագրության շրջանակներում ձեռք բերելու իրավունք:

Հարց 6

Ե՞րբ է դադարում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը:

Պատասխան 6

ՀՀ կառավարության  2014 թվականի մարտի 6-ի թիվ  275-Ն որոշման հավելվածի 2-ի 9-րդ  կետի համաձայն` Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է`

1) նոր ծնված երեխայից հրաժարվելու դեպքում.

2) եթե հաշվետերը տեղավորվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) կամ ձեռք է բերում առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

3) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներից մեկի` բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) տեղավորվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.

4) հաշվետիրոջ 18 տարին լրանալու դեպքում.

5) եթե նախկինում Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցողը և հաշվետերը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի տարբեր հասցեներում.

6) եթե ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ, կամ զրկվել է ծնողական իրավունքներից, կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները.

7) եթե ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) մյուս ծնողի կողմից տնօրինվելու վերաբերյալ:

Նույն կարգի 10-րդ կետի համաձայն` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է համապատասխան հանգամանքը ծագելու հաջորդ օրվանից: Դրա մասին (բացառությամբ սույն կարգի 9-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի) Ծառայությունից ստացած պահանջագրի հիման վրա բանկը դադարեցնում է պետական աջակցության հաշվով գործառույթների իրականացումը` մինչև Ծառայությունից այլ պահանջագիր ստանալը կամ հաշվետիրոջ 18 տարին լրանալը:

Հարց 7

Ինչպե՞ս է կարգավորվում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելը:

Պատասխան 7

ՀՀ կառավարության  2014 թվականի մարտի 6-ի թիվ  275-Ն որոշման   1-ին կետի 2-րդ  ենթակետի համաձայն՝ միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով:

Համաձայն նույն կարգի 2-րդ հավելվածի 8-րդ  կետի 8-րդ, 8.1, 9-րդ, 10-րդ, 13-րդ և 15.1 կետերի իրավակարգավորումների՝

  • նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝ հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված (անկախ բնակության (հաշվառման) վայրից)՝

1) նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները).

2) նոր ծնված երեխայի մորից սերված երեխաները և զավակները՝ բացառությամբ այն դեպքի, երբ անչափահաս տարիքում նրանց խնամքը դատարանի որոշմամբ հանձնվել է այլ անձի, կամ մայրը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից.

3) նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները, եթե՝

ա. նրանց մայրը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ,

բ. դատարանի որոշմամբ նրանց խնամքն անչափահաս տարիքում հանձնվել է նոր ծնված երեխայի հորը, կամ՝

(8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին, 35 և 37-րդ հոդվածների 2-րդ մասերին հակասող և անվավեր ՍԴՈ-1438 որոշմամբ):

գ. այդ երեխաների մայրը զրկվել է ծնողական իրավունքներից, կամ՝

դ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ նրանց մայրը չարամտորեն (միտումնավոր) խուսափել է ծնողական իրավունքները և պարտականությունները կատարելուց (չի կատարել ծնողական իրավունքները և պարտականությունները) և անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը (երեխաների դաստիարակությունը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը) իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը:

  • Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նաև նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված՝ նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում: Նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնելու համար ներկայացվում է մահացած երեխայի (զավակի)՝ նոր ծնված երեխայի ծնողներից սերման փաստը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև մահվան վկայականը կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը:
  • Մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած` սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաները (զավակները) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի են առնվում սույն կարգի 8.1-ին կետում նշված դեպքում: Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած՝ նոր ծնված երեխան (երեխաները) նոր ծնված մյուս երեխայի (երեխաների) կարգաթիվը որոշելու համար հաշվի չի առնվում:
  • Բացառությամբ մեկից ավելի երեխաներ ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած երեխայի՝ նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո (մինչև նպաստը նշանակելու համար դիմելը) մահացած երեխան (զավակը) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի է առնվում այն դեպքում, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ բավարարել է սույն կարգով սահմանված պայմանները: Նոր ծնված երեխայի խնամակալ ճանաչված անձիերեխաները (զավակները), այդ թվում` որդեգրած, ծնողի խնամակալության տակ գտնվող նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի չեն առնվում:
  • Սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաների (զավակների) թվում հաշվի չեն առնվում նոր ծնված երեխայի ծննդյան ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամված կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցած երեխաները և զավակները (բացառությամբ որդեգրված երեխաների և զավակների): Եթե երեխան (զավակը) սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա մեկ անգամ հաշվի է առնվում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս, ապա դրանից հետո նոր կարգաթիվ որոշելիս՝ այդ երեխան (զավակը) կարող է հաշվի առնվել, եթե նոր ծնված երեխայի հետ սերվել է միևնույն հորից (նոր ծնված երեխայի համահայր քույրը կամ եղբայրն է):

Պերինատալ շրջանում մահացած երեխայի (երեխաների) կարգաթիվը 1-ին է (պերինատալ շրջանում մահացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված չափով):

  • Հարց 8

Ինչպե՞ս է կարգավորվում օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետությունում երեխային միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը:

Պատասխան 8

Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):

Ինչպես նաև, եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, ապա նպաստը նշանակվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Միաժամանակ, համաձայն ՀՀ կառավարության  2014 թվականի մարտի 6-ի թիվ  275-Ն որոշման հավելվածի 1-ի 7-րդ և 71-.1 կետերի իրավակարգավորումների՝

Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված փաստաթղթերը (բացառությամբ անձը հաստատող փաստաթղթերի) և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կատարված քաղաքացիական կացության ակտերի հավաստման նպատակով տրված փաստաթղթերն ընդունվում են հյուպատոսական օրինականացման կամ ապոստիլի առկայության դեպքում, հյուպատոսական կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի և սույն կարգի 7.1-ին կետում նշված դեպքի:

Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված` անձը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:

Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից տրված` երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթերն ընդունվում են առանց հյուպատոսական օրինականացման` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:

Հարց 9

Ովքե՞ր ունեն չաշխատող անձանց համար սահմանված մայրության նպաստի իրավունք

Պատասխան 9

Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` չաշխատող անձանց համար սահմանված մայրության նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝

  • հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձինք,
  • ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը,
  • քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:

Հարց 10

Ի՞նչ ժամկետներում է վճարվում երեխայի միանվագ նպաստը, եթե ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու մասին դիմումը ներկայացվել է առցանց:

Պատասխան 10

ՀՀ  կառավարության  2014 թվականի մարտի 6-ի թիվ  275-Ն որոշման հավելվածի 1-ի  3.1-կետով սահմանված է, որ առցանց դիմումի հիման վրա նպաստը վճարվում է դիմումը ներկայացվելուց հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում:

Հարց 11

Ինչպե՞ս է կարգավորվում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստի նշանակումը և վճարումը, եթե հղիության և ծննդաբերության պատճառով ժամանակավոր անաշխատունակությունը առաջացել է օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումից կամ նոտարի պաշտոնավարման ավարտի օրվանից հետո:

Պատասխան 11

Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասի՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը ունի չաշխատող անձի կարգավիճակ: Ըստ այդմ, եթե հղիության և ծննդաբերության պատճառով ժամանակավոր անաշխատունակությունը առաջացել է օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության դադարեցումից կամ նոտարի պաշտոնավարման ավարտի օրվանից հետո, ապա այդ անձինք մայրության նպաստի իրենց իրավունքը կարող են իրացնել որպես չաշխատող անձի:

Հարց 12

Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին և ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամներին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակվում է, թե ոչ :

Պատասխան 12

Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի  1-ին և 4-րդ մասերի համաձայն` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամները նշված օրենքով սահմանված խնամքի նպաստի իրավունք չունեն:

Նույն իրավակարգավորման հիմքով խնամքի նպաստի իրավունք չունեն նաև ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք:

Հարց 13

Ինչպե՞ս է կարգավորվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող ծնողին  Հայաստանի Հանրապետությունում  մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելը և վճարելը:

Պատասխան 13

ՀՀ կառավարության  2015 թվականի դեկտեմբերի29-ի թիվ 1566 որոշման  1-ին հավելվածի  3.1-րդ կետի համաձայն` խնամքի նպաստը նշանակվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող ծնողին, եթե նա և իր երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխայի ծնողներին խնամքի նպաստ չի նշանակվել:

Համաձայն նույն կարգի 4.1-րդ կետի`  խնամքի նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին ներկայացվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված գործատուի մոտ խնամքի արձակուրդում գտնվելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է Ծառայությունը` Ծառայության պետի սահմանած կարգով:

Հարց 14

Ինչպե՞ս է կարգավորվում մեկից ավելի երեխաների դեպքում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու կարգը:

Պատասխան 14

Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի, եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

Հարց 15

Ի՞նչ ժամկետում է անհրաժեշտ ներկայացնել դիմումը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար:

Պատասխան 15

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

Հարց 16

Ի՞նչ ժամկետում է անհրաժեշտ ներկայացնել դիմումը՝ չաշխատող անձանց համար սահմանված մայրության նպաստ նշանակելու համար:

Պատասխան 16

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 23.1 հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:

Հարց 17

Ի՞նչ ժամկետում է անհրաժեշտ ներկայացնել դիմումը՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու համար:

Պատասխան 17

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝

1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

Հարց 18

Ի՞նչ ժամկետում է անհրաժեշտ ստանալ երեխայի ծննդյան միանվագ և չաշխատող անձանց համար սահմանված մայրության նպաստները, որպեսզի չդադարեցվի այդ նպաստները ստանալու իրավունքը:

Պատասխան 18

Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, 23.2-րդ հոդվածի 5-րդ մասի և 24-րդ հոդվածի 9-րդ մասի իրավակարգավորումների, եթե չաշխատող անձի մայրության նպաստի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի ուղղակի վճարվող մասի վճարումն ապահովելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում անձը, որին նշանակվել է նպաստը, չի ներկայացնում այն ստանալու պահանջը, նպաստի գումարը սահմանված կարգով և ժամկետում վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է:

Իսկ մայրության նպաստ ստանալու իրավունքի վերականգման կարգ օրենսդրությամբ նախատեսված չէ: