Երեքշաբթի, Հունիս 2, 2020
Գլխավոր Նպաստ երեխաներին Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի և «մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու եվ վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման համաձայն:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

Խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ:

Խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝

1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է այն ամսվան հաջորդող ամսվա 1-ից, երբ շահառուն խնամքի արձակուրդի մեջ է եղել բոլոր գործատուների մոտ:

Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին հաջորդ երեխայի համար խնամքի նպաստը սույն հոդվածով սահմանված կարգով նշանակվում է այդ երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝

1) երեխայի երկու տարեկանը լրանալու դեպքում.

2) երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն ընդունվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.

3) ծնողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում.

4) ծնողի՝ աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում), իսկ եթե ծնողը աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա որևէ գործատուի մոտ աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում).

5) ծնողի` այլ գործատուի մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարելու (բացառությամբ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու) դեպքում.

6) անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ խնամքի նպաստ նշանակված լինելու դեպքում.

7) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ երեխայի կամ ծնողի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում.

8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում, իսկ եթե ծնողը օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ է կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձ՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքի ժամկետը լրանալու դեպքում.

9) երեխայի կամ ծնողի մահվան դեպքերում:

Խնամքի նպաստը վճարելը դադարեցվում է՝

1) ծնողի` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից.

2) խնամքի նպաստը լիազորագրով վճարվելու դեպքում (ներկայացվել է խնամքի նպաստը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող վեցերորդ ամսվանից հետո՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

3) ծնողին կամ նրա լիազորած անձին վեց ամիս անընդմեջ խնամքի նպաստ չվճարելու դեպքում՝ 6-րդ ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

4) երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ վեց ամիս և ավելի ժամկետով բացակայելու դեպքում՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, և խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է, եթե ծնողը դիմելու օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք, և եթե ծնողը և երեխան, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Եթե խնամքի նպաստ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող վեցամսյա ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք:

Խնամքի նպաստի ամենամսյա չափը 18000 դրամ է: