Երեքշաբթի, Հունվար 21, 2020
Գլխավոր Նպաստ երեխաներին Մայրության նպաստ

Մայրության նպաստ

Վարձու աշխատողին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին տրվող մայրության նպաստը նշանակվում և վճարվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշմամբ

 Վարձու աշխատողին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին տրվող մայրության նպաստը

1.Վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:

  1. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
  2. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում մայրության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):
  3. Մինչև հղիության 154-րդ օրը հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար տրվում է հիվանդության նպաստ` սույն օրենքով սահմանված կարգով:
  4. Փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորը մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:

 Մայրության նպաստի տրամադրումը՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողներին

 Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատողի աշխատանքի անցնելը:

Վարձու աշխատողներին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձանց հղիության և ծննդաբերության արձակուրդը տրվում է՝

  • 140 օր (70 օրացուցային օր հղիության և 70 օրացուցային օր ծննդաբերության համար):
  • 155 օր (70 օրացուցային օր հղիության և 85 օրացուցային օր ծննդաբերության համար)` բարդ ծննդաբերության դեպքում:
  • 180 օր (70 օրացուցային օր հղիության և 110 օրացուցային օր ծննդաբերության համար)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

Հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկի տրամադրումը

Հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատու­նակության դեպքում տրամադրվում է մեկ անաշխատունակության թերթիկ, իսկ բարդ ծննդաբերության և միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում, որպես նախորդ անաշխատունակության թերթիկի շարունակություն, լրացուցիչ տրվում է նոր անաշխատունակության թերթիկ` համապատասխանաբար 15 և 40 օր տևողությամբ` անաշխա­տունակության թերթիկում նշելով նախորդ անաշխատունակության թերթիկի uերիան ու համարը:

Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը

 Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է հիմնական գործատուի կողմից:

Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի իրավունքի ժամանակահատվածը

 Մայրության նպաստը նշանակվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից), կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը): Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրվանից (բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կամ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվող ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց):

Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին անաշխատունակության նպաստ չի վճարվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագել է օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու կամ նոտարի պաշտոնավարումն ավարտելու օրվանից հետո:

Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի նվազագույն չափը

Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի չափը չի կարող պակաս լինել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից 140 օրվա (վաղաժամ ծննդաբերության դեպքում` 70 օրվա) համար հաշվարկված մայրության նպաստի չափից:

Չաշխատող անձանց համար սահմանված մայրության նպաստը նշանակվում և վճարվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու եվ վճարելու կարգը հաստատելու մասին» 2015թ. հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշմամբ

Չաշխատող անձանց համար սահմանված մայրության նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձինք (այսուհետ՝ չաշխատող անձինք):

Չաշխատող անձ է համարվում նաև ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:

Չաշխատող անձի հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը կազմում է 140 օր (70 օր հղիության, 70 օր ծննդաբերության):

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:

Օտարերկրյա քաղաքացի` չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե նա հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ այն դեպքի, երբ հղի կինը նախածննդյան հսկողության վաղ հաշվառման է կանգնել մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը:

Չաշխատող փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի՝ չաշխատող կենսաբանական մորը մայրության նպաստ չի վճարվում:

Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում չաշխատող անձին մայրության նպաստը տրվում է 70 օրվա` միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած):

Չաշխատող անձին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հիսուն տոկոսը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը) և բազմապատկվում 140-ով (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով), իսկ իսկ ծննդաբերության արձակուրդի 70 օրացուցային օրվա դեպքում բազմապատկվում է 70-ով (ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով) (հղիության և ծննդաբերության արձակուրդի 140 օրացուցային օրվա դեպքում այն կազմում է 126645 դրամ, իսկ ծննդաբերության արձակուրդի 70 օրացուցային օրվա դեպքում՝ 63323 դրամ):