Ո՞ր էլեկտոնային փոստի միջոցով կարող են քաղաքացիները ստուգել՝ արդյոք աշխատանքային գրքույկը թվայնացվա՞ծ է, թե՞ ոչ և ի՞նչ պետք է անեն արտերկրում ապրողները

168.am ՀՀ քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնելու ժամկետը մոտենում է ավարտին։

Դրա համար Կառավարության կողմից ժամկետ էր սահմանվել ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը:

 168.am-ը նախորդ հրապարակումից հետո մի շարք հարցումներ էր ստացել Հայաստանում ու սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցներից։

Նրանց հետաքրքրում էր, թե ո՞ր էլեկտոնային փոստին կարող են դիմում ուղարկել, որպեսզի պարզեն՝ գործատուի կողմից իրենց աշխատանքային գրքույկը թվայնացվե՞լ է, թե՞ ոչ, արդյո՞ք այս  որոշումը նաև արտերկրում ապրող թոշակառուներին է վերաբերում է, եթե՝ այո, ապա ինչպե՞ս գրանցեն փաստաթուղթը, մի քանի տարի չաշխատող մարդիկ դիմե՞ն թվայնացման համար, թե՞ ոչ։

Սոցիալական ապահովության ծառայության կազմակերպությունների և քաղաքացիների հետ  համագործակցության բաժնի պետ Նոնա Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացիներն այս հղումով կարող են դիմում լրացնել՝ նշելով անձնագրի սերիա-համարը, ՀԾՀ (սոցքարտ) համարը, որպեսզի ճշտեն՝ աշխատանքային գրքույկը թվայնացվա՞ծ է, թե՞ ոչ: Սակայն, ըստ նրա՝ ավելի լավ է դիմեն այն դեպքում, երբ, օրինակ, գործատուի հետ խնդիր կա կամ չեն հիշում՝ ներկայացրե՞լ են թվայնացման, թե՞ ոչ։

Որոշումը կենսաթոշակառուներին չի վերաբերում։

Չաշխատող անձն, ով ունի աշխատանքային գրքույկ՝ կարող է ինքնուրույն ներկայացնել, իսկ, եթե ՀՀ-ից  դուրս են գտնվում, ապա կարող են ներկայացնել լիազորագրով՝ այլ անձի միջոցով։

Հիշեցնենք, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունն աշխատանքային հարաբերություններում: Գործատուն, կառավարության սահմանած կարգով, 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնում է լիազոր մարմնին՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով, ապա վերադարձնում է աշխատողներին:

ԿԻՍՎԵԼ