Սոցիալական ապահովության ծառայության պարզաբանումը henaran.am կայքով 2019 թվականի օգոստոսի 15-ին տարածված հոդվածի կապակցությամբ

2019 թվականի օգոստոսի 15-ին էլեկտրոնային մամուլում տարածված (սկզբնաղբյուրը՝ henaran.am կայք) 77- ամյա տիկին Ռոզայի կենսաթոշակ չստանալու՝ «…օգոստոս ամիսը կիսվել է, բայց հուլիսի թոշակը չկա…» հոդվածի  կապակցությամբ Սոցիալական ապահովության ծառայությունը (Ծառայություն) պարզաբանում է.

համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (հոդված 35, կետ 6)՝ «Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:»:

Տիկին Ռոզան սահմանված ժամկետում (2019 թվականի հուլիսի 1-ից մինչ օրս) վերոնշյալ հայտարարությունը չի ներկայացել: Ծառայության աշխատակիցը կայքի պատասխանատուների միջոցով կապ է հաստատել տիկին Ռոզայի հետ և իրազեկել նրան՝ անհրաժեշտ հայտարարությունը ներկայացնելու մասին:

Առաջնորդվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, Ծառայությունը չի հրապարակում տիկին Ռոզային սպասարկող բանկի տվյալները, սակայն հորդորում է կենսաթոշակի վճարման ծառայություն մատուցող կազմակերպությունների, զանգվածային լրատվական միջոցների բոլոր գործընկերներին, որ Ծառայության շահառու հանդիսացող անձանց պարզաբանում տալու, տեղեկատվություն տարածելու նպատակով հավաստի տվյալներ ստանալու համար դիմել Ծառայության պատասխանատու անձանց, նոր միայն տեղեկատվությունը տարածել:

Միաժամանակ, Ծառայությունը հույս է հայտնում, որ կենսաթոշակի (նպաստի) վճարում իրականացնող կազմակերպությունների ողջ անձնակազմը ևս հաստատում է, որ վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակները վճարվում են յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրվանից:

Ծառայությունն ակնկալում է, որ մամուլում սույն պարզաբանումը ևս տեղ կգտնի:

ԿԻՍՎԵԼ