2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները. Փաշինյան

Yerkir.am – Երեկ տեղի է ունեցել կառավարության արտահերթ դռնփակ նիստ, որի ժամանակ հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ որոշում է կայացվել 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձերը: «Նաև` կփորձենք մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988-ի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորություններն այս պահին դե յուրե արձանագրված են: Այդ նպատակով կհատկացվի 3 միլիարդ դրամ: Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին և հարցի մեթոդաբանությանը, դրանք հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն»,- նշեց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ հունիսի 1-ից արդեն բարձրացել են զինվորականների աշխատավարձերը:

«Մեր հիմնական խնդիրն է ունենալ բարձր տնտեսական աճի, ներառական տնտեսական աճի ցուցանիշների հասնելու ճանապարհային կոնկրետ քարտեզ: Եվ ինչպես «Իմ քայլը» դաշինքի նախընտրական և կառավարության ծրագրում է արձանագրված, այդ խնդրի լուծման հիմնական միջոցը տեսնում ենք վերամշակող արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիական արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման ուղղություններով, և որպես դրան ուղղված գործողությունների հերթական հանգրվան՝ Սինգապուր և Վիետնամ մեր այցի շրջանակում այդ թեմաներով քննարկում ունեցել ենք: Այս պահին մենք պետք է ստեղծենք աշխատանքային մի շրջանակ, որը կներառի վերամշակող արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին: Հատկապես խոսքն այն ձեռնարկությունների մասին է, որոնք հում հումքից ստանում են վերջնական արտադրանք»,- շեշտեց վարչապետը:

ԿԻՍՎԵԼ