Կենսաթոշակը ԵԱՏՄ տարածքում «կուղեկցի» կենսաթոշակառուին

shantnews.am – Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԵԱՏՄ-ում կենսաթոշակային ապահովման նոր համաձայնագիր է պատրաստվել: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին, որ աշխատում են ԵԱՏՄ անդամ երկրներում, ամբողջ ծավալով կենսաթոշակ ստանալ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նուր-Սուլթանում կայացած գագաթնաժողովի ժամանակ տեղեկացրել էր՝ պատրաստվում է փաստաթուղթ, որով կենսաթոշակի տրամադրման ժամանակ հաշվի կառնվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում ծավալած աշխատանքային գործունեության ողջ ժամանակահատվածը:

«Կոնկրետ քաղաքացու համար դա կարևոր նշանակություն ունի: Մեզ համար կարևոր չի լինի՝ որտեղ է նա աշխատել, կարևորը, որ լինեն այդ ստաժը հավաստող փաստաթղթեր»,- ասել էր նա:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Սոցիալական ապահովության բաժնի պետի տեղակալ Ելենա Գուլմադովան Мир24-ին տված հարցազրույցում ասում է, որ փաստաթուղթը թույլ կտա ձևավորել, պահպանել և հետագայում իրացնել կենսաթոշակային իրավունքները, որոնք ձևավորվել էին ԵԱՏՄ անդամ այն երկրում, որտեղ տվյալ քաղաքացիներն աշխատել էին: Այսօրվա դրությամբ այդ հարցը, ըստ բանախոսի, փաստաթղթի բացակայության պատճառով խնդրահարույց է, և դա կապված է նաև այն բանի հետ, որ կենսաթոշակային համակարգերը տարբեր են:

ԿԻՍՎԵԼ