Միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ են արձանագրվել. Յոլյան

panorama.am – «Արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ, կան բազմաթիվ խեղաթյուրման փաստեր»,- խորհրդարանում ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդմանը հայտարարեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

Նա հայտնեց, որ պալատը, ընդհանուր առմամբ, ներկայացրել է 359 տարաբնույթ առաջարկություն, որոնք կարող են բարելավել պետական մարմինների գործունեությունը:

«Ընդհանուր հաստատված 25 հաշվեքննությունից ավարտված է 19-ը, 2-ը կասեցված է, իսկ 4-ի մասով հաշվեքննության աշխատանքները շարունակվում են։ Դրանք վերաբերում են Պաշտպանության նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայ-ռուսական համալսարանի և Դեղերի շրջանառության պետական կարգավորմանն ուղղված ֆինանսատնտեսական հաշվետվություններին:

«Բոլոր ուղղություններով կազմվել է հաշվետվության 108 արձանագրություն, որից 14-ը գաղտնի։ Դրանք ամբողջությամբ, համաձայն պալատի մասին օրենքի, ներկայացվել են հաշվեքննության օբյեկտների ղեկավարներին, որոնք էլ իրենց հերթին ներկայացրել են առարկություններ: Հաշվեքննության ընթացքում եղել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող կասկածներ և դրանց մասով 5 առանձին ուղղություններով նյութեր ուղարկվել են գլխավոր դատախազություն»,- ասաց նա։

Յոլյանը մի քանի օրինակ ներկայացրեց։

Մասնավորապես նշեց, որ Քաղաքացիական ավիացիային յուրաքանչյուր տարի պետական բյուջեից միջոցներ է հատկացվում «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին՝ ուսանող-օդաչուների ուսումնավարժանքային թռիչքների իրականացման համար. ընկերությունը վարձակալել է «Diamond 40» տիպի օդանավ:

«2013-ից սկսած այդ օդանավի վարձակալության համար պետական ընկերությունը վճարել է 600 մլն դրամ, իսկ մինչև այդ օդանավը ընկերության կողմից ներմուծվել է 2013-ին՝ 86,2 մլն դրամ արժեքով: Ստացվում է այս տարիների ընթացում վարձավճարը 7 անգամ շատ է, քան օդանավի արժեքը»,- նշեց նա:

Անդրադառնալով սոցապահովությանը՝  նա հայտեց, որ տեղեկատվական բազաների, սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի, բնակչության պետական ռեգիստրի և այլ շտեմարանների տվյալների համադրումը վկայում է, որ կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացում առկա են խոշոր չափերի ռիսկեր՝ ավելի քան 15 մլրդ դրամի:

Ասածը հստակեցնելով՝ պալատի նախագահն ասաց. «Երկրից 12 ամիս բացակայող աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին կանխիկ եղանակով՝ 619.1 մլն դրամ,  անկանխիկ եղանակով՝ 702.6 մլն դրամ: ՀՀ-ից 3-ից 9-ը ամիս բացակայող աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին անկանխիկ եղանակով փաստացի վճարվել է 9 մլրդ դրամ, իսկ կանխիկ եղանակով՝ 4 մլրդ դրամ: Երկրից բացակայող և այլ անձին լիազորագրով այդ իրավասությունը չտված անձին կենսաթոշակի տրամադրումը ռիսկային է: 60 անձ էլ ստացել է 440 թաղման նպաստ՝ 90 մլն դրամ գումարի չափով»:

ԿԻՍՎԵԼ