Սոցիալական ապահովության ծառայության մամլո հաղորդագրությունը «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքով 25.04.2019թ. տարածած հոդվածի կապակցությամբ

«Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքով «Պետական մարմնին գրեթե մեկ ամիս ուղղված տասնյակ հեռախոսազանգեր եւ ոչ մի հստակ պատասխան» խորագրով 25.04.2019թ. տարածած հոդվածի (լրագրող Աննա Զախարյան) կապակցությամբ Սոցիալական ապահովության ծառայությունը (Ծառայություն) պարզաբանում է, որ 13.03.1992թ. կնքված «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի շրջանակում համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների կենսաթոշակ նշանակող մարմիններից, ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ կտրվածքով, Ծառայությունը ստանում է շուրջ 2000 հարցում՝ Հայաստանի Հանրապետությունում անձանց կենսաթոշակառու հաշվառված լինել (չլինելու) կամ Հայաստանի Հանրապետությունում աշխատած ժամանակահատվածը (աշխատանքային ստաժը, աշխատավարձի չափը) հաստատելու մասին:

Նշված հարցումների գերակշիռ մասը վերաբերում է մինչև 1992 թվականն ընկած ժամանակահատվածի աշխատած տարիների վերաբերյալ տեղեկանքների տրամադրմանը: Ծառայությունը հարցումը ստանալուց հետո, ընթացակարգի համաձայն, այն վերահասցեագրում է ՀՀ ազգային արխիվ, հարցումն ուղարկվում է նաև գործատուին (եթե պարզվում է, որ գործատուն մինչ օրս գործող է): Անհրաժեշտ պատասխանը ՀՀ ազգային արխիվից և գործատուներից ստացվում է 1-2 ամիսների ընթացքում: Նկատի ունենալով ընթացակարգի աշխատանքային փուլերը՝ Համաձայնագրում հարցում ուղարկելու և տեղեկատվությունը հավաքագրելու համար ժամկետ սահմանված չէ:

Ամբողջական պատասխանի ձևավորումից հետո Ծառայությունն այն առաքում է փոստային կապի միջոցով՝ սովորական նամականիով: Ծառայությունը պատվիրված նամակների առաքման լիազորություն չունի և նամակը հասցեատիրոջը չհասնելու դեպքում Ծառայությունը պատասխանատվություն չի կրում:

Ինչ վերաբերում է հեռախոսազանգերով հարցման ընթացքը ճշտելուն, ապա անհրաժշետ է շեշտել, որ օրական բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվում Ծառայություն, այդ թվում՝ շահառուների հարազատներից և հեռախոսազանգով տրված պարզաբանում-պատասխանը կարող է բացառապես ընդհանուր բնույթ կրել, քանի որ կոնկրետ հարցման վերաբերյալ պատասխանն անհատական տվյալներ պարունակող տեղեկատվություն է կրում և դրանց մատչելիությունը սահմանափակված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: Այդ է պատճառը, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանի հետ ս.թ. ապրիլի 23-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ծառայության աշխատակիցն ուղղորդել է էլեկտրոնային նամակով դիմել Ծառայություն (նկատի ունենալով նաև, որ գրավոր պարզաբանում ստանալով կբացառվի Ծառայության կողմից «…և ոչ մի հստակ պատասխանի» տրամադրումը): Ս.թ. ապրիլի 25-ին, առավոտյան ժամը 10:30-11:00, Ծառայության պատասխանատուն Ա. Զախարյանի հայտնած բջջային հեռախոսահամարով փորձել է կապ հաստատել, հավաստիանալու համար, արդյոք տեխնիկական խնդրի հետևանք չէ, որ չի ստացվել էլեկտրոնային նամակը, սակայն վերջինս հեռախոսազանգին չի պատասխանել:

Ծառայությունն ակնկալում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի առաջիկա հրապարակումներում սույն պարզաբանումը ևս տեղ կգտնի:

Հարգանքով՝ ՍԱԾ

ԿԻՍՎԵԼ